ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐՏԵՐԿՅԱ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆՈՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

 

Ինովացիա բառը (լատիներեն՝ in և novus) թարգմանաբար նշանակում է փոփոխություն, բարեփոխություն, նորույթ, նորություն: Ըստ Օքսֆորդի բառարանի՝ ինովացիան նոր առարկաների, երևույթների ներկայացումն է, նոր մտքերի կամ եղանակների կիրառումը, ինչպես նաև՝ հայտանգործումը, այսինքն՝ նորամուծություն անելը, օր.՝ տեխնոլոգիական նորամուծություն։ Այն նեղ մեկնաբանություններ ուներ. 19–րդ դարում ընկալվում էր որպես մի մշակույթի տարրերի փոխանցում կամ ներթափանցում, ներդրում մեկ այլ մշակույթի մեջ, իսկ արդեն 20–րդ դարում ինովացիա էր համարվում տեխնիկական կատարելագործումները: Ուշագրավ է, որ ինովացիա հասկացությունն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի առաջին 10-ամյակում և այսօր՝ 21-րդ դարում, իսկապես, վիթխարի է դրա ազդեցությունը տարբեր բնագավառների, մասնավորաբար, կրթության զարգացման վրա։ Ներկայացնենք կրթության արտերկրյա մի քանի փորձագետների նորարական գաղափարները, մոտեցումները, դիտարկումները դպրոցների և բուհերի վերաբերյալ։

Կրթության փորձագետ Թերի Հեյքը բարձրագույն կրթության ոլորտում առաջարկում է նորարարական մի քանի մոտեցումներ, որոնցից շատերը, ըստ նրա, կիրառելի են նաև դպրոցներում։ Հեղինակը, հաշվի առնելով նորարության, ինովացիայի վերաբերյալ տարբեր ընկալումները, նշում է, որ իր առաջարկած ցանկը կարող է թվալ սովորական, գուցե տարածված կամ էլ քիչ հուզական և այլն։ Անդրադառնանք ուշագրավ մի քանի դիտարկումների Թերի Հեյքի առաջարկներից է ֆակուլտետի բնույթի փոփոխությունը, «գլոբալ ֆակուլտետ» երևույթի բացահայտումը, ըստ որի ուսանողի համար ստեղծվում է հնարավորություն սովորելու միաժամանակ կից, լրացուցիչ ֆակուլտետում՝ դյուրին փոխադրմամբ, ինչպես նաև՝ ստանալու նոր որակավորում, աստիճան։ Աստիճանաշնորհման համակարգում անհրաժեշտ է իրականացնել թարմացումներ։ Անդրադառնալով ԱՄՆ-ի բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի պատմությանը՝ ներկա ժամանակներում յուրաքանչյուրի համար առանցքային է համարում «կրթական նոր բիզնես մոդելի» ձեռքբերումը, գործարկումը։ Ներկայացնելով Ստենֆորդի համալսարանի օրինակը, այն է՝ որոշ դեպքերում իրականացնել անվճար ուսուցում (օր՝ երբ ընտանիքի տարեկան եկամուտը 150,000 ԱՄՆ դոլարից ցածր է), Թերի Հեյքը փորձում է տարածել, երևան հանել, գործարկել ֆինանսական օգնության նոր փաթեթներ։ Ուսումնական բաց պլաններ և ծրագրեր, մանկավարժական նոր մեթոդաբանություն, թվային նոր դասագրքեր, կառավարման նոր համակարգեր, տվյալների վերլուծություն, 3D տպագրություն՝ ահա ցանկում ընդգրկված մնացյալ առաջարկությունները։

Կրթական գործիչ Բրենդոն Բաստիդը առաջարկում է նորարար գաղափարներ բարձրագույն կրթության ոլորտում։ Ըստ նրա՝ բուհի շրջանավարտները պատրաստ չեն աշխատանքի, հետևապես պետք է կենտրոնանալ շրջանավարտի արտադրանքի-որակի, ինչպես նաև երկուստեք կատարված ներդրումների վերջնարդյունքների վրա։ Ժամանակն է ստեղծել այնպիսի կրթական ծրագրեր, որոնցում ուսանողները ընդգրկված կլինեն մշտապես, դրանք կլինեն միշտ քեզ հետ. տանը, աշխատավայրում և այլուր։ Շարունակական, մշտադալար ծրագրերի գործարկումը կնպաստի նոր որակի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է նկատվում ծրագրերի կրճատման, միացման, առցանց դասընթացներին միաձուլելու, ակադեմիական օրացույցի խտացման ուղղություններում փոփոխություններ կատարել։ Բուհում կարճաժամկետ դասընթացների իրականացումը, ամառային դպրոցների գործարկումը,  ուսանող դառնալու ճանապարհին, դպրոցի շրջանավարտների համար իսկական մոտիվացնող խթան կլինի։ Ընդունելության ժամկետները ևս կարևոր են։ Ինչու՞ ուսանողները պետք է շաբաթներ կամ ամիսներ սպասեն իրենց ընդունելության դիմումի վերաբերյալ որոշումը լսելու համար: Բազմաթիվ համալսարաններ արդեն ընդամենը մի քանի աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են ընդունելության որոշումներ: Ապագա ուսանողների շրջանում սա դարձել է ակնկալիք, հետևապես՝ պետք է շատ արագ (24-48 ժամ տրամադրել) իրականացնել ընդունելության որոշումների հանրայնացումը։ Բրենդոն Բաստիդն առաջարկում է քայլեր անել առցանց մենթորության և խորհրդատվության զարգացման, հմտությունների վրա հիմնված կրթության տարածման, բարձրագույն կրթության ճիշտ շուկայավարման և էական այլ հարցերի շուրջ։

Կրթության նորարար, խմբագիր Ռոբին Դ. Շուլմանը, կարևորելով ուսուցչի ստեղծագործականությունը, ներկայացնում է մի քանի եղանակներ, որոնց օգնությամբ ուսուցիչները կարող են դասարանները նորարար դարձնել։ Նախ այն, որ ողջ դասարանի մտածելակերպի, տրամադրության փոփոխությունը սկսվում է ուսուցչից և այն րոպեից, որ նա մտնում է դասարան, ու եթե ուսուցիչը, իսկապես, ոգևորված է իր առարկայով, ապա աշակերտները հակված կլինեն հետևելու նրան։ Դասարանը նորարար դարձնելու նպատկով պետք է մտածել աշակերտներին առաջնորդ դարձնելու մասին, հետևապես՝ կարևորել անձին։ Խնդիրը լուծելու փոխարեն ուսուցիչները կարող են օգնել աշակերտներին գտնել այն բացերը, որոնք կամբողջացնեն պահանջը։ Խնդրի, հարցի բացահայտումը հավասար է խնդրի, հարցի լուծմանը։ Այս ամենը հնարավորություն կտա աշակերտներին զարգացնելու քննադատական հայացքները, մտածողությունը։ Պետք է խրախուսել աշակերտներին ռիսկի դիմել։ Կարևոր է նաև այն, որ աշակերտներին հնարավորություն տրվի դասեր քաղել անհաջողություններից, սխալներից, առաջ շարժվել՝ հաջողություն գտնելու ճանապարհով։ Ռոբին Դ. Շուլմանը առաջարկում է ստեղծել ուսուցման ճկուն միջավայր, այսինքն՝ գրագետ օգտագործել դասասենյակը։ Վերջինս պետք է հնարավորություն տա ազատ աշխատելու, շփվելու, հաղորդակցվելու, չպետք է լինեն մարդաշատ, խառնաշփոթ վիճակներում, խրախուսելի է ազատ տարածքների առկայությունը։ Դասի ընթացքում կիրառել բաց հարցեր, այսինքն՝ հարցեր առանց դասագրքային պատասխանների։ Բաց հարցերի դեպքում կարող են լինել տարբեր պատասխաններ, տեսակետներ, ինչը հնարավոր է հանգեցնի ամուր համագործակցության, հետաքրքիր զրույցների, նոր գաղափարների, ինչպես նաև զարգացնի առաջնորդության հմտությունները: Այս պրակտիկան կարող է օգնել լսարանին գիտակցելու իրենց ներուժը: Բաց հարցերի միջոցով աշակերտները կարող են կապեր հաստատել կյանքի, պատմության, իրական աշխարհի իրադարձությունների հետ: Կրթական տարբեր գործիչների, փորձագետերի, նորարարների, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հրավիրումը դասասենյակ կարող է բեկումնային լինել։ Իսկապես, անկախ ամեն ինչից, արդյունավետ կլինի, եթե մարդիկ խոսեն ոչ թե իրար մասին, հետևից, այլ՝ իրար հետ, միասին։ Ռոբին Դ. Շուլմանը այժմեական է համարում դասի շրջված մոդելի, դիզայն-մտածողության, ինքնավերլուծության և այլ եղանակների, մեթոդների կիրարկումը:

Ի դեպ, աշխարհում կա միտում՝ իբրև կրթության նորարար պետք է դիտել ուսուցիչներին, որոնք օգտագործելով իրենց փորձը, հմտությունները, կարողությունները, շահագրգռված են ստեղծելու պրոֆեսիոնալ (մասնագիտական) ապրանքանիշ: Կրթության նորարար ուսուցիչները կարող են հեղինակել գրքույկներ, կազմել դասապլաններ, ստեղծել հավելվածներ, մշակել քարտեզներ, գործարկել 3D նյութեր, YouTube-յան ալիքներ և այլն։ Մեր երկրում հանրակրթության նոր չափորոշիչները, իսկապես, ստեղծագործելու ծովածավալ հնարավորություններ են ընձեռում ուսուցիչներին։ Հետևապես՝ մենք անմասն չենք մնում աշխարհաքաղաքական զարգացումներից։

Իսկապես, չկա ավելի հաճելի բան, քան ստեղծագործ լինելը, որևէ ստեղծագործական բան անելը։ Ստեղծագործականությունը ոչ միայն մանկության խաղերում է, լեգոներում, այլև՝ ամենուր։ Այն ներառում է մեր բոլոր զգայարանները, ստեղծում նոր գիտելիքներ, գաղափարներ, որոնք նախկինում գոյություն չունեին: Նորարարությունը ցանկալի փոփոխություն է, որն այսօր անհրաժեշտ է իրականացնել և՛ դպրոցներում, և՛ բուհերում։ Ի դեպ՝ այդ երկար գործընթացը կարող է սկսվել հենց քեզնից:

 

 

Վալտեր Բերբերյան

Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ









Комментарии