ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

        Հայ ժողովուրդն իր  պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին (այսինքն` օգոստոսի 11-ին) այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Աշխարհի  տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում  նոր տարվա սկիզբ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական բարեփոխում, որի համաձայն  հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին:
        Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց (որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:
        Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, որը, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
        Մերօրյա տենածառը կապում են գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենով, ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
        Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ: Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը' մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Թոնիրը վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր ձեւերով եւ բաժանում տասներկու մասի: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում' չարքերից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում․․․ Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում: Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց: Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի: Ընտանիքի բոլոր անդամները նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։ Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին' մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն: Սասունում ընդունված չէր երկարաշունչ մաղթանքներ ու կենացներ ասելը, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ 
       Հայոց կենցաղում Նոր տարին նշվում էր մեծ ուրախությամբ՝ տարբեր խաղերով, երգերով և ծիսական ուտեսնտներով: Մարդիկ մառաններում նախօրոք ամբարում էին տարբեր ուտելիքներ, որոնք դեկտեմբերի 30-31-ին պատրաստում և դնում էին սեղաններին:
       Պարտադիր ուտեստներից էին անուշապուրն ու հարիսան, ամենատարածված խմորեղենը տարին կամ տարեհացն էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով շաղախված մեծ հաց էր, երեսի կողմրց ուներ բաժանման գծեր. «Տարեհացը բաժանում էին 12 մասի կամ ընտանիքի անդամների թվի, մեջը դնում էին արծաթե դրամ, հուլունք կամ այլ բան: Սովորաբան այն կտրում էին Նոր տարվա օրը կամ նախորդ օրը»:
        Մարդիկ հավատում էին, որ ում ընկավ արծաթե դրամը, նա այդ տարի հաջողակ կլինի, իսկ դրամը դանակին կպցնելը համարվում էր դժբախտույան նշան:
        Ամանորի սեղանի պարտադիր խմորեղեններից էր գաթան, որոնց վրա երբեմն փոսիկներ էին անում, որտեղ երեխաները թռչունների համար ցորենի հատիկներ էին լցնում և դնում տանիքին:
        Ինչ վերաբերում Հայաստանի տարբեր հատվածներում ապրող հայերին, ապա համշենահայերը սովորաբար յոթ տեսակի կերակուր էին պատրաստում, թիֆլիսահայերը երկու տեսակի հաց էին թխում, մեկը կոչվում էր չիք, մյուսը՝ էգ: Էգը պահում էին ամբարում, իսկ չիքը գցում հոսող ջուրը, որ անհաջողությունները տանի:
        Հին երևանցիների սեղանները լի էին պասային ուտեստներով, շատ էին լոբով կերակուրները, ունեևոր տներում տարածված էր մեղրով, ընկույզով և նուշով գոզինախ պատրաստելու ավանդույթը. «Տանտիկինը կարմիր շոր վերցրած՝ տնից դուրս էր գալիս, մի քիչ մեղր էր քսում դռանը և այդ շորը փռում որևէ տեղ՝ տարին քաղցր սկսելու համար»:
        Տանտիկինը որդիների ու հարսների բերաններին ևս մեղր էր քսում, իսկ երեխաներին մրգեր ու չրեր բաժանում:
        Ընդհանրապես ավանդական հասարակություններում Նոր տարվա սեղանին մարդիկ դրել են իրենց աշխատանքի արգասիքը, օրինակ՝ ամռանը, աշնանը հավաքած մրգերը: Ամանորի գլխավոր խորհուրդը եղել է եւ մնում է բացասական էներգիան, վատ տրամադրությունը ետեւում թողնելը, գժտությունները հարթելն ու դրական էներգիայով լիցքավորվելը:
        -Ավանդական կենցաղում կարեւոր տոն էր համարվում եւ մեծ շուքով էր նշվում հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը, եւ դրան նախորդող մեկ շաբաթը պասի շրջան էր: Ուստի հունվարի 1-ին ամանորյա սեղանին դրվել են պասին առնչվող կերակուրներ՝ պասուց տոլմայի տարբերակներ, լոբով, բանջարեղենով աղցաններ եւ այլն: Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ: Այնուհետեւ, երբ խորհրդային տարիներին դուրս եկավ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը, Նոր տարվա սեղանին հայտնվեցին մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո արդեն փոխառվեց խոզի բուդը դնելու ավանդույթը, որը, հակառակ տարածված թյուր կարծիքի, բնավ հայկական բնույթ չի կրում:
        -Եթե ուզում եք մեր ավանդույթները պահպանել, կարող եք, օրինակ, տարի հաց դնել սեղանին: Հնում հայերը նախորդ կամ գալիք տարին խորհրդանշող մեծ գաթա էին թխում՝ զարդարելով այն երկնային լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի պատկերներով: Խմորեղենը բաժանում էին 4 կամ 12 մասերի, որոնք խորհրդանշում էին տարվա եղանակները կամ ամսիները: Տարի հացի մեջ տանտիրուհին բախտագուշակ-նշան էր դնում՝ ոսկյա, արծաթյա զարդի կամ նույնիսկ հոնի, լոբու տեսքով, եւ ում որ այն բաժին էր ընկնում, համարվում էր, որ նոր տարին նրա համար հաջողությամբ է պսակվելու: Բացի այդ՝ հնում հայերը ծիսական խմորեղեններ էին թխում՝ տիկնիկների, կենդանիների տեսքով: Եթե դրանք լավ էին ստացվում, նշանակում էր, որ գալիք տարում թխողը հաջողակ է լինելու: Ծիսական խմորեղենները ստանում էին նաեւ երեխաների պատկերներով եւ դրանք որ կնոջը որ բաժին էին ընկնում, խորհրդանշում էին գալիք տարում նրա մայրանալը:
        -Տոնածառը կարող եք զարդարել փոքրիկ ծիսական խմորեղեններով, ինքնաշեն խաղալիքներով: Հիշենք նաեւ, որ ավանդական կենցաղում տանտիրուհին Ամանորին տան դռան շեմի սյունին մեղրով խաչ էր անում, որ գալիք տարին «քաղցր» լինի, ինչպես նաեւ՝ հնում կար առաստաղն ու պատերը երկնային լուսատուներով զարդարելու ավանդույթ:
        -Նախկինում բավական գործուն էր, այսպես ասած, ավագության սկզբունքը: Այսինքն՝ Նոր տարվա տոնին առաջին հերթին շնորհավորանքներ ստանում էին տարիքով մեծերը փոքրերից: Իսկ ավագներն էլ իրենց հերթին նվերներ ու շնորհավորանքներ էին պատրաստում երեխաների համար: Նրանք հաճախ երդիկից գուլպաներ էին կախում եւ որ երեխան որ լավ երգում, արտասանում էր, նրան բաժին էր ընկնում նվերը: Ամանորին ավագները հաճախ փոքրերին դիմում էին հետեւյալ խոսքերով. «Քեզի կու տամ ցորեն, գարի, դուն ալ տուր բարի, շնորհավոր Նոր տարի»: Այս խոսքերով այսօր էլ հայերս կարող ենք Ամանորին ողջունել միմյանց:
 
Կրթական նորարարությունների բաժին






Комментарии