ԿԻՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը՝ հայ գրող, թարգմանիչ Զապել Եսայանը, կնոջ օրինակ է, որն ապրել և ստեղծագործել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ կին լինելը վտանգավոր հատկանիշ էր: 

ԱրևմտյանՀայաստանում հայերի նկատմամբ բռնաճնշումներն ու հալածանքները շարունակվում էին տասնամյակներ շարունակ: Բազում գործիչներ այդ ամենից ելքը տեսնում էին կրթության և գիտության զարգացման, մտքի ազատականացման մեջ: Այս հարցում ժամանակի տղամարդ գործիչների կողքին իրենց օրինակով մեծ դերակատարություն ունեցան կին գործիչները՝ բարձրացնելու կնոջ դերակատարությունը հասարակության կյանքում: Նրանց թվում էին Զապել Եսայանը, Զապել Ասատուրը, Սրբուհի Տյուսաբը և այլք, կանայք, ովքեր կարողացան վաղ տարիքից կոտրել լռությունն ու ճեղքել անտեղյակության պատնեշը: Նրանք իրենց համախոհ կանանց հետ տարբեր ժամանակներում ստանձնեցին հայ օրիորդներին կրթելու և լուսավորելու նվիրական գործը՝ սեփական ներդրումն ունենալով հայ ժողովրդի ազատության և ազգային ինքնության պահպանման գործում:

Զապել Եսայանը ծնվել է 1878 թ. փետրվարի 5-ին Կ. Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում, աղքատացած ազնվական Մկրտիչ Հովհաննիսյանի ոչ բազմանդամ ընտանիքում: 1892 թ. ավարտել է տեղի Ս. Խաչ վարժարանը:  1890-ական թվականները ծանր տարիներ էին արևմտահայերի  համար, և 1895 թ. վերջերին Զապելը հոր խորհրդով տեղափոխվեց Փարիզ և կեցության ապրուստ հայթայթելու համար աշխատակցում էր Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Փարիզում մասնակցում էր Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Փարիզում նա մտերմանում է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ, ովքեր մեծ դեր խաղացին նրա՝ որպես մարդու և մտավորականի ձևավորման գործում: Եսայանը կարողացավ հիմնավորապես ծանոթանալ և քննադատաբար յուրացնել այն ամենըինչ գեղարվեստական գրականության ասպարեզում ստեղծել էր հայկական և եվրոպական առաջադեմ միտքը։ Եսայանի գրական ուսուցիչները եղան Պետրոս Դուրյանն ու ՐաֆֆինՍրբուհի Տյուսաբն ու ԲալզակըԳրիգոր Զոհրապն ու ՖլոբերըԹումանյանըԻսահակյանն ու ՄոպասանըՄիսաք ՄեծարենցըՎարուժանն ու Սիամանթոնորոնց  գործերը նա կարդում էր անհագորեն ու անդադրում և արդեն փորձում էր ստեղծագործել նրանց ոճով ու ոգով։

1900 թվականին ամուսնանում է նկարիչ Տիգրան Եսայանի հետ և մեկ տղա ու մեկ աղջիկ լույս աշխարհ բերում։ 1908 թ. վերադառնում է Կ. Պոլիս և ականատես լինում, թե թուրքական իշխանությունն ինչ վերաբերմունքի է արժանացնում հայերին։ Զապելն ինքն իրեն ֆեմինիստ չէր համարում, պարզապես բարձրաձայնում էր այն խնդիրները, որ առկա էին իրականության մեջ, և տեսնում էր հասարակ բնակչության շրջանում՝ պաշտպանելով և՛ տղամարդկանց, և՛ կանանց իրավունքները: Հայրը մեծ ներդրում ուներ Զապելի հայացքների ձևավորման գործում: Զապելն իր ինքնակենսագրականում գրում է. «Մի երեկո հայրս ինչ-որ թերթի առաջին համարը բերեց և խորհուրդ տվեց ինձ այսուհետ պարբերաբար կարդալ այդ թերթը, թերթ, որին բաժանորդագրվել էր հայրս: Հովհաննես Շահնազարյանի հրատարակած «Հայրենիք« օրաթերթն էր: Հայրս ինձ կողմնորոշում էր գրել կանանց ազատության թեմայով: Հայրս այն կարծիքին էր, որ այս հարցը կլուծվի միայն կանանց և տղամարդկանց հավասար կրթություն ապահովելու միջոցով: Ինձ իր տեսություններն էր թելադրում, ես էլ գրում էի»:  «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»,- հետագայում ահա այսպես էր կնոջ մասին գրում Զապել Եսայանը:

1909 թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնում է դեպքի վայր, ականատես լինում ազգակիցների ոզբերգությանը և ծանր տպավորությունները ներկայացնում «Ավերակներու մեջ» գրքում, որը հրատարակվում է Կ.Պոլսում 1911 թ.:

«Հայ կանանց համաշխարհային ասոցիացիայի» անդամ, խմբագիր Ջուդի Սարյան, ով 2016 թ. ԱՄՆ-ում լույս տեսած Զապել Եսայանի «Ավերակների մեջ» վավերագրության անգլերեն թարգմանության խմբագիրն է, բնորոշելով գիրքն ու հեղինակին, գրում է.  «Զապել Եսայանը հավատում էր, որ գրականությունը ոչ թե զարդարանք, այլ սոցիալական հավասարության համար պայքարելու միջոց է: Մասնավորապես  «Ավերակների մեջ»-ի հիմնական ուղերձը հանուն ճշմարտության և մարդու իրավունքների համարձակ գործելն է: Զապել Եսայանը  առաջին հայ գրողներից էր, որոնք հատուկ ուշադրություն դարձրին կոտորածների ժամանակ կանանց չարչարանքներին: Նա ձայն տվեց վերապրած կանանց՝ մի բան, որ նախկինում երբևէ չէր արվել: Եսայանը հասկացավ, թե ինչպես էին ցեղասպանության ժամանակ առանձնապես թիրախավորվում կանանց մարմինները, ու հիմա դրանք Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բռնությունների կարևոր մասն են: Եսայանի խոսքերը մարգարեական էին և օգնում են մեզ ուշադրություն դարձնել ցեղասպանական գործընթացի ժամանակ անմեղ կանանց և երեխաների տանջանքներին»:

1914 թ., երբ Կ. Պոլսում իրավիճակը նորից լարվում է, Զապելը մի նամակ է գրում հոր հետ Փարիզում գտնվող դստերը: Նամակում մասնավորապես ասված է.

 «Սոֆի Եսայանին

1914, մարտի 20, Սկյուտար

Շատ սիրելի աղջիկս,

Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը):

            Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քեզ մոտ, Փարիզում և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բադիին (Բադի է կոչվել Զապել Եսայանի փոքր քույրը` Մաթիլդը, որն, ամուսնանալով ֆրանսիացու հետ, կրել է Քոկս ազգանունըգրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

     Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասել, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել - ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք՝ ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը՝ ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

            Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը, քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

Սոֆի Եսայան

            Սիրելի Սոֆիքո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ և, հետևաբար, ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

            Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհներն էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակությունների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

            Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

            Քեզ տեսնել տենչացող մայրդ`

            Զապել

Հ.Գ.  Քո ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից»:

1915 թ. Զապելը միակ կին գործիչն էր, ով հայտնվել էր աքսորի ենթակա հայ մտավորականների ցուցակում: Որպեսզի չենթարկվի Կ.Պոլսի հայ մտավորականների ձերբակալության անհայտ ճանապարհորդությանը՝ թաքնվում է մի հիվանդանոցում: Սկզբում իրեն ներկայացնում է որպես թուրք կին, հետո էլ՝ հույն ժանեկագործ ու  փախչում Բուլղարիա: Երկար ժամանակ չի մնում Բուլղարիայում և մի քանի մտավորականների կանանց ու երեխաների հետ մեկնում է Կովկաս, որտեղ նրանց շատ է օգնում Հովհաննես Թումանյանը: Այս ընթացքում Զաբելը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպում  է հայ տարագիրների և որբերի հավաքագրման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրում է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները՝ բողոքի ձայն բարձրացնելով քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ, մտորելով հասարակության մեջ կանանց տեղի և դերի մասին: «Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս: Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է: Դեր մը կընտրեն կեանքի մէջ ու այդ դերը կը կատարեն: Դերը կընտրեն երբեմն ինքնիրենց, որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն» -Վերջին Բաժակը (գրված է 1916-ին , հրապարակված՝ 1924-ին):

Վերջին տարիներին թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերում են են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:

      Ըստ «Ակօս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:

Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտթուրքական իշխանությունները պատերազմն սկսելուց անմիջապես հետո պարբերաբար իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում էր 200 հազարը:

            Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին թուրքերն առևանգում կանանց և երեխաներին:

·         Կանանց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայտնի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին:

·         Կանանց և երեխաներին գողանում էին տղամարդկանց՝ քաղաքներից ու գյուղերից հեռացնելուց, սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:

·         Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղիի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները:

            Թերևս զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին: Շատ քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողացել են ինքնապաշտպանվել»:

            Եսայանի զեկույցը հանձնվել է ոչ միայն Պողոս Նուբար Փաշային, այլև Պոլսի հայոց պատրիարք Առաքել Չաքրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովին, որը զբաղվում էր որբ երեխաների և այրի կանանց վերադարձնելու հարցերով:

            1921 թ.  Զապել Եսայանի ընտանիքում մեծ ողբերգություն է տեղի ունենում: Երկարատև հիվանդությինց հետո մահանում է ամուսինը: Զապելը չի ընկճվում և որոշ ժամանակ անց նորից շարունակում է իր գրական գործունեությունը: Սակայն Զապելն իր հասարակական-գրական գործունեության թոհուբոհում ուներ մեկ երազանք՝ վերադառնալ Հայաստան:

Եվ ահա 1926 թվականին առաջին անգամ այցելում է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացնում «Պրոմեթէոս ազատագրուած» (Մարսել, 1927) գրքում։ 1933 թվականին հաստատվում է Խորհրդային Հայաստանում։

Զ. Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայ օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին: Զ. Եսայանի լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990):

1933 թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը գալիս է Երևան և աշխատանքի անցնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը: Գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական է դառնում նրա համար:  Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։

Զ. Եսայանը 1930-ականների գրական կյանքի եռանդուն ու ազնիվ մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա. Բակունցին և գրականության մյուս առաջատարներին:

Այստեղ նա շարունակում է  հրատարակել  հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։

Պակաս բեղմնավոր չեղավ Զապել Եսայանի թե՛ հասարակականև թե՛ գրական գործունեությունը այդ տարիներին։ 1933 թ. սեպտեմբերին նա սկսում է ֆրանսերեն գրականություն դասավանդել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետումիսկ մի տարի հետո՝ 1934 թվականինհաշվի առնելով գրականությանը մատուցած նրա անուրանալի ծառայություններըընտրվում է ՍՍՀՄ գրողների միության անդամ։ Նույն թվականին Եսայանը՝ որպես պատգամավոր, սովետահայ գրականության մի քանի ներկայացուցիչների հետ մասնակցում է Սովետական գրողների միության առաջին համագումարինորըինչպես հայտնի էտեղի ունեցավ Մոսկվայում օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 1-ը, և որտեղ հիմնական զեկուցողը Մաքսիմ Գորկին էր։ Գորկուց հետո բարձրանալով ամբիոն՝ Եսայանը ֆրանսերեն արտասանած իր ելույթում ամբողջ սրությամբ դրեց գրականության սոցիալական դերի հարցըմատնանշելով՝ որ հասարակական կյանքի ներկա էտապում գրողը չի կարող չեզոք դիրք գրավել կամ ապահովագրել իրեն «հեռվից տեսնելու»‚ «տեսնելունոր համոզվելու»‚ «նախ ուրիշները և նոր միայն ես» և այս կարգի այլ անընդունելի կարգախոսներով։ Նույն 1934 թվականին վերջապես Եսայանը Եղիշե ՉարենցիԴերենիկ Դեմիրճյանի և Միքայել Մանվելյանի հետ ընտրվում է Երևանի քաղաքային խորհրդի կազմում և այստեղ էլ հիանալի է դրսևորում իրեն։ Չմոռանանք նաևոր հենց այս ժամանակաշրջանում հայ աշխատավորների մոտ նա սկսում է հանդես գալ եվրոպական և հայ գրականությանը նվիրված բազում-բազմաթիվ զեկուցումներով։

            Ուշագրավ  են  այդ տարիներին  Զապել Եսայանի մասին հիշողությունները՝ զետեղված  Ռուբեն Զարյանի  «Հուշապատում» գրքում. «Ընդմիջումներին, եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին: Նրանք մեզ համար հեղինակություններ էին և մեզ հետաքրքիր էր նրանց տեսնել «անպաշտոն» վիճակում: Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր: Դա էլ նորություն էր: Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել: Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն: Նա նոր մարդ էր Երևանում և չէր աշխատում հարմարվել տեղական սովորություններին: Նա անում էր այն, ինչ սովոր էր անել Փարիզում և ոչ մի նշանակություն չէր տալիս, թե ով ինչ կասի: Գիտեր, որ ծխելու վրա շատերը խեթ են նայում, բայց չնկատելու էր տալիս և նույնիսկ հենց դրանց էլ մեկնում էր ծխախոտատուփը…»:

1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները, մինչ այժմ անհայտ են։

1937 թ.  նրան ձերբակալում են այն ժամանակվա համար սովորական համարվող   լրտեսության  մեղադրանքով,   դատապարտում տասը տարվա ազատազրկման: Կա վարկած, որ նա մահացել է 1943 թ. Բաքվի բանտում, բայց ոչ մի ստույգ տեղեկություն չկա, թե ինչպես, որտեղ և երբ է նա մահացել

ԽՍՀՄ զինվորական կոլեգիան, որ շատերի հետ կայացրել էր Զ. Եսայանի մահավճիռը, 1957 թ. հետմահու արդարացրեց նրան՝ ճանաչելով անմեղ:

«Ինչ արել եմ, արել եմ հօգուտ սիրելի ազգիս և հայրենիքիս, լավ է՝ վերցրեք ինչքան և ինչպես կուզեք, վատի համար ներեցեք», - այսպիսին էր զապելյան ոգին, որին անդավաճան մնաց նաև Բաքվի բանտում, և որն արտացոլված է նաև բանտից ուղարկված նամակներում:

 

Կրթական նորարարությունների բաժնի պետ Լ․ Մկրտչյան



Комментарии