ԵԶԴԻՆԵՐ: ԵԶԴԻՆԵՐԻ ԿՐՈՆԸ

Եզդիները էթնոկրոնական խումբ են, որի կրոնը եզդիականությունն է։ Եզդիական դավանանքի յուրօրինակ բնութագրիչներից մեկն այն է, որ դրա հետևորդները բնորոշվում են «Եզդիխանա» (Ēzdīxāna) եզդիական համայնքի պատկանելիությամբ: Հենց այս հանգամանքը թույլ է տվել եզդիներին ձևավորվել որպես փակ էթնո-դավանաբանական խումբ, որի կարևորագույն բաղադրիչը հավատքն է։ Համաձայն եզդիական կրոնի՝ յուրաքանչյուր եզդի պետք է առաջնորդվի կրոնական պատգամներով, որոնք ուղղված են կրոնի մաքրության պահպանմանը:

Եզդիները իրենց պատմական բնօրրանը համարում են Հյուսիսային Իրաքում գտնվող Շանգալի երկրամասը, իսկ կրոնական կենտրոնը՝ Շանգալի մոտակայքում գտնվող Լալիշի տաճարը:

Եզդիների կրոնն ու մշակույթը եզակի են աշխարհում: Եզդիների ծագման, պատմության կրոնի և մշակույթի մասին պատմական աղբյուրներն այնքան էլ շատ չեն, քանի որ նրանք գրավոր մշակույթ չեն ունեցել և նրանց մասին պատմող գրավոր վկայություններ գրեթե չկան: Սակավաթիվ աղբյուրներն էլ բավական են պնդելու համար, որ եզդիների պատմական բնօրրանը Ժամանակակից Իրաքի հյուսիսն է, սակայն բացի պատմական հայրենիքից՝ նրանք սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, ՌԴ, Հայաստան, Վրաստան, Գերմանիա, Բելգիա և այլուր:

Եզդիականությունը պատմականորեն եղել է բանավոր կրոն, որի ավանդույթները սերնդեսերունդ փոխանցվում են կավլների՝ եզդիական սրբազան աղոթքների միջոցով: Եզդիների կրոնը սերտորեն փոխկապակցված է կաստայական համակարգի հետ:

Ժառանգականության սկզբունքով բոլոր եզդիները պատկանում են երեք կաստաներից որևէ մեկին՝ շեյխեր (հոգևորական), փիրեր (հոգևորական), մրիդներ (աշխարհիկ բնակչություն): Շեյխերն ու փիրերը մասնակցում են մրիդների կյանքի հիմնական ծեսերին՝ երեխայի ծնունդ, հարսանիք, թաղում:

Շեյխի պարտականությունն է հետևել համայնքի անդամների՝ եզդիական կրոնի կանոնների պահպանմանը և այցելել իր համայնքի յուրաքանչյուր տուն:

Փիրի պարտավորության մեջ են մտնում եզդիական կրոնական կանոնների մեկնաբանումն ու տարածումը, մրիդների օծումը: Եզդիականությունը՝ որպես կրոնական համակարգ, հիմնվում է երեք առանցքային պատվիրանների վրա՝ «Դիզա դանե (dîza de’nê), Դարբա հիրկա (derba xerqe) և Շալբկե (կտոր) զերին (şelbikê zêrîn)»: Դրանցից առաջինը թարգմանաբար նշանակում է «ներկերի աման» (քրդ. dīzik - «աման», dan - «ներկ»), որը խորհրդանշում է միախառնումը, տվյալ դեպքում խառնամուսնությունները, և արգելում է եզդիներին ամուսնությունն այլադավանների հետ՝ «եզդին կարող է ծնվել միայն եզդի հորից և մորից»[1]: «Դարբա հիրկա» բառացի նշանակում է «քուրձի ուժը» (նկատի է առնվում դերվիշի քուրձը, այսինքն՝ հոգևոր անձի ուժը): «Դարբա հիրկան» ապահովում է եզդիական համայնքի կաստայական մաքրությունը, հստակ սահմանում է միջկաստայական հարաբերություններն ու թույլատրելի կապերը կաստայի ներսում: Ընդ որում, սա վերաբերում է ինչպես առանձին կաստաների և մեկ կաստայի ներսում հոգևոր հարաբերություններին, այնպես էլ կաստաների ներսում ֆիզիկական կապերին: Երրորդ պատվիրանը՝ «Շալբկե զերին» (բառացի՝ «ոսկե գավաթ»), եզդի մարդու հավատքի հիմնական պատվիրանն է: Այն կոչ է անում հետևելու կրոնի պատվիրաններին, պահպանելու սովորույթները, հավատափոխ չլինելու: Վերոնշյալ պատվիրանները միասին կազմում են «Ֆարզե բրատիե»՝ «Հոգևոր դաստիարակության պատվիրանները», և որոշում են եզդիական համայնքի սոցիալական բնույթն ու կարգը[2]: Այս պատվիրանների խախտումը համարվում է հավատուրացություն, և պատվիրանները խախտողին սպառնում է օտարում համայնքից[3]:

ՀՀ-ում ապրող եզդիները իրենց կրոնն անվանում են Շարֆադին, լեզուն՝ եզդիերենը: Շարֆադին կրոնի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը: Եզդիները պաշտում են միակ բարձրագույն Աստծուն՝ Խադեին, ինչպես նաև հրեշտակների հրեշտակապետ Մալաքէ Թաուսին: Հաճախ եզդիներին համարում են արևապաշտ, սակայն կարևոր է նշել, որ ոչ թե արևն են պաշտում, այլ արևին դեմքով շրջված աղոթելիս՝ երկրպագում են Աստծոն՝ Խադեին և արևը եզդիական կրոնական համակարգի գլխավոր խորհրդանիշներից է՝ սիրամարգի հետ միասին, որը համարվում է հրեշտակապետ Թաուսի խորհրդանիշը:

Եզդիների կրոնը պահանջում է եզդիական համայնքի յուրաքանչյուր կնոջից կամ տղամարդուց ունենալ հետևյալ որակները՝

1.      Ճշմարտություն

2.      Գիտելիք կամ իմացություն

3.      Ամոթխածություն և համեստություն

Եզդիների կրոնն արձանագրում է, որ յուրաքանչյուր կրոն ճշմարտություն է արտահայտում, ինչի պատճառով էլ յուրաքանչյուր ոք պետք է հետևի իր կրոնին և ազատ լինի իր համոզմուքների իրագործման մեջ:


[1] Авдоев, Теймураз. Историко-теософский Аспект Езидизма. Москва: Эра. 2011. Էջ 256. 7

[2] Авдоев, Теймураз. Историко-теософский Аспект Езидизма. Москва: Эра. 2011. Էջ 285-86

[3] ©Eurasia Partnership Foundation, 2020





Комментарии