«ՄԵԴԻԱՍՊԱՌՈ՞Ղ, ԹԵ՞ ՄԵԴԻԱՍՏԵՂԾՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ


ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է «Մեդիասպառող, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության նախագծերի ցուցադրություն-ներկայացում, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները:

Նախագծի նպատակն է  խթանել մեդիագրագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:

Նախագծի մասնակից աշակերտներին առիթ է ընձեռվում ուսումնասիրել, վերլուծել մեդիայի դերը և ազդեցությունը  իրական կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացնել քննադատական մտածողությունը, ինչը հնարավորություն կտա վերլուծել, գնահատել համացանցի և մեդիայի վստահելիությունը, զարգացնել դրանցից օգտվելու հմտությունը:


Նախագծի  քայլերը

1.   Դպրոցում ստեղծել Մեդիա ակումբ՝ «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» խորագրով աշակերտական ուսումնական նախագծի աշխատանքները սկսելու, համակարգելու նպատակով:

2.  Ակումբը ընտրում և ուսումնասիրում է մեդիաթեմայի արդիական հիմնախնդիրները, առանձնացնում է դրանց հաղթահարման վստահելի աղբյուրներ:

3. Ակումբը դպրոցում հայտարարում է մեդիագրագիտության տասնօրյակ՝ նպատակ ունենալով մյուսներին նույնպես մղելու պրպտելու, գտնելու այս թեմային վերաբերող հիմնահարցեր:

4.     Տասնօրյակին մասնակցում են 7-12-րդ դասարանների աշակերտները։

5. Դասարանների հիմնահարցերը ներկայացվում են Մեդիա ակումբին։ Յուրաքանչյուր դասարանից 2 աշակերտի հետ Մեդիա ակումբը քննարկում է տվյալ դասարանի սովորողների աշխատանքը:

6.   Քննարկումից հետո ընտրում է դպրոցի սովորողների կողմից վերհանած հիմնախնդիրը (հավաստի լրատվություն, ապահով սոցցանցեր…):

7. Ընտրված թեմայի մասին Մեդիա ակումբի մասնակիցները  կազմակերպում են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ աշակերտների, ուսուցիչների հետ և նրանց ներկայացնում  մեդիաճանաչման մի քանի խորհուրդներ, հմտություններ:

8. Ուսուցիչները համակարգում են  ձևավորված խմբերի կազմակերպչական աշխատանքները, մասնակցում դրանց  քննարկումներին, խթանում  երեխաների թիմային աշխատանքը:

9. Դպրոցական փուլից հետո ակումբի մասնակիցներից 3 աշակերտ կներկայացնեն մեդիագրագիտության ոլորտում իրենց կատարած հետազոտական աշխատանքները:

Ամփոփման օր՝ մայիսի 16 մարզային կենտրոնի դպրոցներից մեկում կազմակերպված ցուցահանդեսում:


Ներկայացման  ձևաչափ 

·         դպրոցական փուլի մասին պատմող հինգրոպեանոց տեսանյութ կամ սահիկ,

·  6-րդ կետում նշված մեդիագրագիտության հիմնախնդրի ներկայացում 10 րոպեի սահմաններում (ներկայացման ձևաչափը թողնվում է դպրոցների ընտրությանը):


Ինչպես դիմել

«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» խորագրով  հանրապետական դպրոցական նախագծին մասնակցելու  համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 15-ը լրացնել մասնակցության հայտը :

Հարցերի դեպքում կարող եք գրել krtakannorararutyunner@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարել ծրագրի համակարգողին:


Համակարգող՝ Իզաբելա Աբրահամյան

                             Հեռ. 096178488


Комментарии