«ՄԵԴԻԱՍՊԱՌՈ՞Ղ, ԹԵ՞ ՄԵԴԻԱՍՏԵՂԾՈՂ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ


ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի հայտարարած «Մեդիասպառող, թե՞ մեդիաստեղծող» ծրագրի ամփոփիչ փուլը: 
Ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները և սովորեցնել իրականացնել ուսումնական նախագծեր: Ծրագրի մասնակից աշակերտներն իրենց կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ ուսումնասիրել, վերլուծել են մեդիայի դերը և ազդեցությունն իրական կյանքի վրա, ինչը հնարավորություն է տվել զարգացնելու նրանց քննադատական մտածողությունը, ինչպես նաև գնահատելու համացանցի և մեդիայի վստահելիությունը:
Նշենք, որ ծրագրում ներառված դպրոցներում ստեղծվել են մեդիա ակումբներ, որոնք ուսումնասիրել են մեդիագրագիտության արդիական հիմնախնդիրները և առանձնացրել վստահելի աղբյուրներ: Ակումբները դպրոցներում հայտարարել են մեդիագրագիտության տասնօրյակ, որոնց մասնակցել են 7-12-րդ դասարանների աշակերտները։ Մեդիա ակումբներն ընտրել են սովորողների վերհանած հիմնախնդիրը, որի վերաբերյալ կազմակերպել են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ աշակերտների և ուսուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով մեդիագրագիտության վերաբերյալ խորհուրդներ և հմտություններ: Ուսուցիչները համակարգել են ձևավորված խմբերի կազմակերպչական աշխատանքները՝ խթանելով երեխաների թիմային աշխատանքը:
Դպրոցական փուլից հետո ՀՀ 11 դպրոցների մեդիա ակումբների 3 աշակերտներ ծրագրի ամփոփիչ փուլին ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները: Մասնավորապես Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրել են տեղեկատվական պատերազմների թեման, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներն անդրադարձել են կիբերհանցագործությունների հիմնախնդրին, իսկ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի սովորողները վերհանել են մեդիագրագիտության և մեդիայի սպառման հարցերը: Իրենց նախագծային աշխատանքները ներկայացրել են նաև Երևանի թիվ 10, 20, 128 հիմնական և թիվ 83 ավագ դպրոցները, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը և Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցները:
Նախագծերի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում՝ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների, Հանրային լրագրության ակումբի և ՀՊՄՀ դասախոսների մասնակցությամբ, որի ընթացքում փորձագետներն աշակերտներին ներկայացրել են իրենց ուղղորդող տեսակետները հետազոտական աշխատանքների վերաբերյալ:






Комментарии