ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ ԿԱՄ «ԳԼՈԲԱԼ ԳՅՈՒՂ»

Մարշալ Մքլուհանի «Մեդիաէկոլոգիան»
1960-ական թվականներին Մարշալ Մքլուհանը անգլիացի պրոֆեսոր էր Տորոնտոյի համալսարանում: Նա մտավ հանրային դաշտ մեդիայի և մշակույթի մասին հարցադրումներով: Նրա գիրքը՝ «Հասկանալով մեդիան», անակնկալ էր, որն առաջ բերեց թե՛ հիացմունք, թե՛ տարաձայնություններ:

Էլեկտրոնային դարաշրջան: «Գլոբալ գյուղի» ձևավորումը
Մքլուհանը պնդում էր, որ էլեկտրոնային մեդիան վերացեղայնացնում է մարդկային ցեղը: Ակնթարթային հաղորդակցությունը (Instant communication) վերադարձրեց մեզ նախաայբուբենային բանավոր ավանդույթը, երբ ձայնը և հպումը/շոշափումը ավելի կարևոր էին, քան տեսողությունը: Մենք գնացել ենք «հետ՝ դեպի ապագա» (back to the future)՝ «գլոբալ գյուղ», որը տարբեր է նախկին գյուղերից: Մենք այժմ գլոբալ գյուղում ենք: Մինչ գիրքը վարժեցնում է աչքը, էլեկտրոնային սխեման ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա: Աշխարհի հետ հաստատուն կապը դառնում է ամենօրյա իրականություն: Ամեն ինչ միանգամից դառնում է մեր լինելիության եղանակը:
...Մքլուհանը որոշ հետաքրքիր իրողություններ է բացահայտել, մասնավորապես, թե ինչ է կատարվել մեր մշակույթի հետ էլեկտրոնային հաղորդակցության ձևերի ի հայտ գալուց հետո: Նախ՝ նա հավատացած էր, որ էլեկտրոնային դարաշրջանում մարդկային մշակույթը վերադարձել է հաղորդակցության մի ձևի, որը շատ նման է ցեղային շրջանին: Նա հաճախ էր խոսում «գլոբալ գյուղի» մասին, որը ստեղծեց էլեկտրոնային մեդիան. սա հղում է միաժամանակյա կամ ակնթարթային հաղորդակցության ուժին, որը ի զորու է աշխարհը միավորելու զանգվածային ցեղային մեկ համայնքի մեջ:
1963 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվեց: Մքլուհանը հաճախ բացատրում էր, որ այս իրադարձությանը հետևած մեդիալուսաբանումը թույլ տվեց, որ մարդիկ համակվեն «մի մեծ խմբային հույզով»: 1963 թվականից սկսած՝ մենք հաճախ ենք տեսել էլեկտրոնային մեդիայի ուժը՝ միավորելու աշխարհի մեծ մասերը՝ հրավիրելով բոլորի ուշադրությունը նույն իրադարձության վրա: Բայց Մքլուհանի ասածը չի վերաբերում միայն հատուկ պահերի, երբ գլոբալ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում: Նա նաև մտքում ունեցել է այն գաղափարը, որ երբ աշխարհում լույսի արագությամբ տարածվում է տեղեկատվությունը, աշխարհագրական տարբեր վայրերում ապրող մարդիկ դառնում են հոգեբանորեն և հուզականորեն շատ ավելի մոտ, քան ինչ-որ մեկը տարիներ առաջ կարող էր պատկերացնել [Glen G. Sparks, 2014]:

Զ. Սարգսյան «Մեդիաազդեցության ժամանակակից տեսություններ»



Комментарии