8 ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԿՍՆԱԿ ՈՒՍՈՒՑՉԻՆ


1. Անպայման նախապատրաստվեք դասին
Ամեն դասի համար պլան գրեք. նույնիսկ եթե մեթոդական ուղեցույցներ ունեք, որտեղ ամեն ինչ նշված է: Ամեն դասարան յուրահատուկ է, իսկ ամեն դաս՝ չկրկնվող: Դասարան մտեք զանգից առաջ և համոզվեք, որ դասի համար ամեն ինչ պատրաստ է: Ստուգեք կահույքի դասավորությունը, տեխնիկական միջոցների, դիդակտիկ պարագաների առկայությունը: Դասից առաջ իրավիճակի նախնական գնահատումը Ձեզ հանգստություն և վստահություն կհաղորդի: 

2. Մի՛ վախեցեք գործընկերներից խորհուրդ հարցնել
Բաց և հարգալից եղեք, մի ամաչեք ճշտել դպրոցի ներքին կարգուկանոնը, ներդպրոցական ավանդույթներին վերաբերող հարցերը: Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնեն Ձեզ նախապես հաշվի առնել այն բոլոր նրբությունները, որոնք կարող են խանգարել ուսումնական գործընթացին:

3. Ձեզ ուրիշների հետ մի՛ համեմատեք
Հաջողության անհատական բաղադրատոմս չկա, ուստի Ձեր գործընկերների փորձն ամբողջովին վերցնել չեք կարող: Փորձեք նոր ինչ-որ բան անել, մի հուսահատվեք, եթե չկարողանաք հետևել փորձառու ուսուցիչների բոլոր խորհուրդներին: Եթե 8-ի «Ա»-ն Ձեր 8-ի «Բ»-ից առաջ է դասագրքի մի 10 էջով, ապա դա աղետ չէ: Կարող են տարբեր պատճառներ լինել: Հիշեցրեք ինքներդ Ձեզ, որ ուսուցման գործընթացը ծրագրին տիրապետելու մրցավազք չէ:

4. Փորձեք հեռաքրքրթւյուն մտցնել դասարանում
Հիշեք, որ առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն չեք ունենա։ Մի մոռացեք Ձեր առավելությունների մասին. երեխաները հետաքրքրված են ձեզնով միայն այն պատճառով, որ երիտասարդ և նոր ուսուցիչ եք: Դուք 2-3 ամիս ունեք, որի ընթացքում պետք է կարողանաք երեխաներին գայթակղել և միևնույն ժամանակ սովորել սովորեցնել: Բաց մի թողեք այդ պահը։ Դպրոցում աշխատելու առաջին երեք ամիսներն ամենադժվարն են, բայց հենց այդ ընթացքում Դուք հնարավորություն ունեք հետաքրքրել ու «ձեզնով անել» աշակերտներին: Իրականում սա վերաբերում է ոչ միայն սկսնակ, այլև փորձառու ուսուցիչներին, երբ նրանք նոր դասարաններ են վերցնում, կամ փոխում են աշխատավայրը:

5. Հարգեք աշակերտներին և կատարեք Ձեր խոստումները
Երեխաների հարգանքը Ձեր հանդեպ որոշվում է նրանց հանդեպ Ձեր վերաբերմունքով: Եթե ցանկանում եք, որ սովորողները հարգեն Ձեր ժամանակը և ժամանակին դասի գան, ուրեմն Դուք էլ հարգեք նրանց ժամանակը: Ժամանակին դասարան մտեք և ժամանակին ավարտեք դասը: Ժամանակին ստուգեք և գնահատեք տրված հանձնարարությունները: Եթե որևէ բան եք խոստացել՝ կատարեք: Հաճախ է պատահում, որ ծանրաբեռնվածության կամ անուշադրության պատճառով ուսուցիչն իր խոստումը չի կատարում: Եթե դա մի քանի անգամ է կրկնվում, ապա աշակերտները դադարում են Ձեզ հավատալ: Խոստացել եք նրանց էքսկուրսիա տանել, տարեք, գնահատականը իջեցնել, եթե հանձնարարությունը չկատարեն՝ կատարեք Ձեր ասածը: Կամ մի ասեք, կամ կատարեք՝ այլ տարբերակ չկա:

6. Հետադարձ կապ
Սովորողի համար ամենաարդյունավետ ուսուցումն այն է, երբ նրան հստակ բացատրվում է, թե իր կատարած աշխատանքում ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ: Սովորողի հետ հետադարձ կապ պահելիս պետք է կենտրոնանալ նրա ճիշտ կատարածների վրա: Հետադարձ կապը պետք է ժամանակին արվի. աշխատանքները ստուգելուց անմիջապես հետո: Այս պարագայում սովորողը դրական է արձագանքում արդյունքներին և հիշում է այն, ինչ սովորել է:  Եթե շատ երկար սպասեք հետադարձ կապ տալու համար, կարող եք պահը կորցնել  և սովորողը չկարողանա  ճիշտ հետևություններ անել:

7. Ծնողներին դաշնակիցներ դարձրեք. համագործակցեք նրանց հետ
Փորձեք լավ հարաբերություններ հաստատել ծնողների հետ։ Մտածեք, թե ինչպես նրանք կարող են օգնել իրենց  երեխային և ամբողջ դասարանին: Շատերը ուրախ կլինեն մասնակցել իրենց երեխայի կրթությանը։ Փորձեք երեխաների համար արտադասարանական միջոցառումների կազմակերպմանը ներգրավել այն ծնողներին, որոնք ազատ ժամանակ և հնարավորություն ունեն մասնակցելու դրանց, իսկ մյուսների համար ուրբաթ օրը դասերից հետո կամ շաբաթ օրը դասարանում փոքրիկ թեյախմություն կազմակերպեք՝ երեխաների և ծնողների մասնակցությամբ: Գլխավորն այն է, որ ծնողները զգան, որ Դուք կարևորում եք նրանց հմտություններն ու գիտելիքները իրենց երեխաների կրթության և դաստիարակության գործում:
Որոշ ուսուցիչներ կարծում են, որ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք երեխային, քանի որ մանկավարժական կրթություն ունեն։ Բայց մի մոռացեք, որ դպրոցից հետո երեխան վերադառնում է ընտանիք, ուստի որակյալ և արժանի կրթության համար ուսուցիչներն ու ծնողները պետք է միասին աշխատեն: Եթե անգամ համաձայն չեք ծնողի կարծիքին, պետք չէ դա ցույց տալ երեխային։ Աշակերտը պետք է տեսնի ոչ թե ձեր առճակատումը, այլ իր կյանքն ավելի լավը դարձնելու ձեր համատեղ ցանկությունը:

8. Մի հուզվեք, պահպանեք հանգստություն
Շատ ուսուցիչներ դպրոցում և բուհում սովորել են գերազանց, եղել են ընդունակ և աշխատասեր: Այդ մոտեցմամբ էլ սկսնակ ուսուցիչը դասարան է մտնում. պետք է բոլորը գերազանց սովորեն, սիրով և հետաքրքրությամբ դպրոց գան: Նույնը նրանք ակնկալում են ծնողներից. եթե նա լավ ծնող է, պետք անվերապահորեն կատարի ուսուցչի ասածները և նպաստի իր երեխայի ուսման գործընթացին։ Բայց դա այդպես չէ: Մի ակնկալեք, որ նրանք անպայման Ձեզ կհասկանան և կօժանդակեն: Երբ Ձեզ թվում է, որ ամեն ինչ անվերահսկելի է, փորձեք կառավարել Ձեր հույզերը: Կոնֆլիկտային իրավիճակներում երբեք չգոռաք, քանի որ դրանով կհասնեք այն ամենին, ինչ ցանկանում եք, բայց ոչ հարգանքի և վստահության: Դուք շատ ավելի վստահություն ձեռք կբերեք ձեր աշակերտների և գործընկերների մոտ, եթե կարողանաք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և գործել նախապես սահմանված վարքագծի կանոններին համապատասխան:

Նյութը պատրաստեց Նարինե Մնացականյանը (ըստ  ,,Семья и школа,,  ամսագրի)

Комментарии